2 փետրվարի 2016 - 10:39 AMT
Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հայի գործով ճնշումները շարունակվում են

Իսլամիստական ծայրահեղականության, Ուզբեկստանի սահմանադրական կարգը տապալելու և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողՈւզբեկստանի քաղաքացի, հայազգի Արամայիս Ավագյանի գործով արտադատարանական ճնշումները տեղափոխվել են նոր հարթություն:

Դիզակում ձկնաբուծարան հիմնադրած, սակայն ավելի ուշ բիզնեսը տեղական իշխանությանը զիջելու պահանջին ընդդիմանալուց հետո 2 անչափահաս երեխա ունեցող Արամայիս Ավագյանն արդեն 4 ամիս է՝ նախնական կալանքի տակ է: Տեղական իշխանությունների ճնշումներից ու սպառնալիքներից հետո Ավագյանի կինը և մայրը շարունակում են բարձրաձայնել ապօրինությունների, դատական գործընթացի վրա ազդելու շարունակական փորձերի մասին:

Արամայիսի կինը՝ ազգությամբ ուզբեկ Շիրին Տուրսունովան, տեղեկացրել է, որ հորը կանչել են և ստիպել ստորագրել գրության տակ, ըստ որի՝ Ավագյանի գործով ճնշումներ չկան: Ավելի վաղ Շիրին Տուրսունովայի հայրը տեղի էր տվել իրավապահների պահանջներին և Ուզբեկստանում սովորական թվացող մի հավաքի ժամանակ հրապարակավ հրաժարվել էր հարազատ աղջկանից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Գրության տակ ստորագրելու համար համայնքի ղեկավար Գաֆուր Կարշիբաևի ներկայացուցիչներն, ըստ Արամայիս Ավագյանի կնոջ, իր հորը կանչել են համայնքապետարան: Սպառնացել են, որ եթե փաստաթուղթը չստորագրի, «ապա ամբողջ ընտանիքով կզրկվեն պետական ֆինանսական բոլոր հատկացումներից»՝ նպաստներից, կենսաթոշակից։

Ուզբեկստանի օմբուդսմեն Ուլուկբեկ Մուհամադիևի ավագ օգնականը փետրվարի 2-ին տեղեկացրել է, որ օմբուդսմենն այժմ սպասում է գլխավոր դատախազության գրավոր պատասխանին՝ կապված Ավագյանի գործով ճնշումների և խոշտանգումների հետ:

Ավագ օգնականը նաև ասել է. «Ըստ Ուզբեկստանի օրենսդրության, մենք ունենք ժամկետ, և այդ ժամկետի սահմաններում մեզ տեղեկություններ են տրամադրում համապատասխան կառույցները: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իրավիճակը վերահսկողության տակ է, հիմա դեռ ժամանակ կա, և հենց մեզ պատասխան տան գլխավոր դատախազությունից, մենք անմիջապես կտեղեկացնենք հայկական կողմին»։

Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը նաև տեղեկացրել է, որ օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ պաշտոնական պատասխանի համար, եթե լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա:

Ավագյանի մայրը հունվարի 6-ին դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ նշելով, որ որդուն խոշտանգում են մեկուսարանում՝ ծանր մեղադրանքների կապակցությամբ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել է Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպան Ուլուկբեկ Մուհամադիևին: Հրաժարական տալուց առաջ Ուզբեկստանի օմբուդսմենին հղած նամակում Անդրեասյանը գրել է, որ իրեն է դիմել մեր հայրենակիցը:

«Հիմնվելով մարդու իրավունքների ինստիտուտների կամավորական և փոխօգնության սկզբունքի վրա, խնդրում եմ, հնարավորությունների դեպքում, Ձեր համագործակցությունը Ա. Ավագյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ վերջինիս նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու վերաբերյալ»,- գրել է Անդրեասյանը: