23 ապրիլի 2016 - 14:44 AMT
Վիգեն Սարգսյան. Փորձում ենք հասկանալ՝ ի՞նչն էր սխալ, որ ցեղասպանությունները շարունակվում են

Պատմության յուրաքանչյուր էջ ունի իր պատմությունը, հայերի պատմությունը նաև ողբերգական էջեր է պարունակում։ Այդ մասին ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը 100 Lives և «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում մեկնարկած Aurora dialogues քննարկումների շրջանակում, հայտնում է «Երկիրը»:

Նա հիշեցրել է, որ 2015-ին նշում էինք Ցեղասպանության 100–րդ տարելիցը և 4 սյուների վրա էր դրված Ցեղասպանության 100-րդ տարելիցի անելիքները. «Շնորհակալությունը, երախտագիտությունն այն մարդկանց հանդեպ, որոնք փրկեցին մի շարք հայերի, վերականգնումն ազգի և միջազգային պայքարը Ցեղասպանություն հանցագործության դեմ»:

«Կարևոր էր Հայաստանը որպես հարթակ դիտարկել այն բոլոր ազգերի համար, որոնք երբևէ ցեղասպանության են ենթարկվել, որպեսզի նրանք կարողանային իրենց ձայնը բարձրացնել։ Այս առումով մենք համագործակցել ենք Ցեղասպանության միջազգային ընկերակցության հետ, և մենք որոշեցինք, որ յուրաքանչյուր երկու տարին մեկ ցեղասպանությունների մասին համաժողով անցկացվի Հայաստանում»,-ասել է Սարգսյանը։ Նա նշել է, որ Ցեղասպանության կոնտեքստում փախստականների մասին չենք մոռանում, քանի որ նրանք վկան են ցեղասպանությունների, և նրանց իրավունքներն իրականում պաշտպանված չեն։

Սարգսյանի գնահատմամբ՝ դժվար է պատկերացնել, որ այս դարում կարելի է շարունակել նման ոճրագործությունները. «Փախստականների թեման մեզ համար ցավալի թեմա է, քանի որ նրանք, որոնք Հայաստան են տեղափոխվել Սիրիայից, թոռներն են Հայոց ցեղասպանության նահատակների։ Մենք փորձում ենք աջակցել սիրիացի փախստականներին, ինչպես նաև հասկանալ՝ ինչն է սխալ արվել, որ մինչ օրս էլ շարունակվում են ցեղասպանությունները»:

The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Մարդկանց ուշադրությունն աշխարհի ամենախոցելի խմբերի խնդիրների վրա կենտրոնացնելով և դրանց լուծման ուղղությամբ իրական ու նշանակալի գործ կատարածներին պարգևատրելու միջոցով՝ հիմնադիրները փորձում են ձևավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ 2016թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք արարողությանը Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։