24 ապրիլի 2016 - 15:41 AMT
Թուրքիայում հոլանդացի լրագրող է ձերբակալվել` Էրդողանին քննադատելու համար

Ապրիլի 24-ի առավոտյան հոլանդացի լրագրող է ձերբակալվել Թուրքիայում Twitter սոցիալական ցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին քննադատական հրապարակումներից հետո: Այդ մասին հայտնի է դարձել Twitter-ի նրա էջից, հայտնում է Tert.am-ը Hurriyet Daily News-ի վրա հղումով:

«Ոստիկանությունը դռան առաջ է»,- գրել է թուրքական ծագմամբ լրագրող Էբրու Ումարը: Ումարը օրերս Էրդողանին քննադատող հոդված էր գրել հոլանդական Metro պարբերականի համար, որի հատվածները նա այնուհետև տեղադրել է Twitter-ի իր էջում, ինչն էլ հանգեցրել է նրա ձերբակալությանը:

«Ես ազատ չեմ, մենք գնում ենք հիվանդանոց» բժշկական հետազոտության համար մինչև դատախազներին հանդիպելը գրել է նա իր երկրորդ հաղորդագրությունում:

Նիդերլանդների արտգործնախարարությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ սերտ կապի մեջ է Ումարի և «տեղական իշխանությունների» հետ, և որ Ստամբուլում Նիդերլանդների դեսպանատունը «ակտիվորեն ներգրավված է» գործի մեջ, որը գտնվում է իր ուշադրության կենտրոնում:

Ումարը պարբերականում գրել է Թուրքիայի և Նիդերլանդների միջև դիվանագիտական վեճի մասին:

Ավելի վաղ Նիդերլանդների դեսպան Կորնելիս վան Ռիժը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ հոլանդական լրատվամիջոցներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարների հրապարակման վերաբերյալ բացատրություն տալու: Վան Ռիժն իր հերթին թուրքական իշխանություններին խնդրել է բացատրել նամակի հետ կապված իրադրությունը, որը Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանն ուղարկել է Նիդեռնալներում գործող թուրքական կազմակերպություններին:

Լրատվամիջոցների տվյալներով՝ այդ նամակով Անկարան կոչ է արել հյուպատոսարանին տեղյակ պահել Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանքների ու բացասական մեկնաբանությունների մասին:

«Թուրքիային քննադատողների համար սա ազդանշան է, որ էրդողանը, որին վաղուց են մեղադրում իր քաղաքականությանը դեմ արտահայտվող անձանց նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու համար, այժմ չարաշահում է հնացած եվրոպական օրենքները` փորձելով լռեցնել իր արտերկրյա ընդդիմադիրներին»,-գրել է այդ առիթով The Washington Post-ը:

Թուրքական դիվանագիտական աղբյուրները հրաժարվում են իրավիճակը մեկնաբանելուց: Ավելի վաղ թուրքական իշխանություններին հաջողվեց ազդել Գերմանիայի կառավարության վրա և հասնել նրան, որ գերմանացի երգիծաբան Յան Բերմերմանին քրեորեն հետապնդեն: Վերջինս ZDF հեռուստաալիքի եթերում քննադատական բանաստեղծություն էր ընթերցել Էրդողանի մասին: