24 ապրիլի 2016 - 21:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից

Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը: Առաջին մրցանակին է արժանացել Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից:

Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում և դրանից հետո փրկել, բուժել, օգնել և ոտքի է կանգնեցրել հազարավոր երեխաների: Նրա հիմնած Խաղաղության Տուն (Maison Shalom) կոչվող կազմակերպությունը օգնում է Բուրունդիի բոլոր էթնիկ խմբերի երեխաներին։

Իր առաքելությունն սկսելու պահից, նա օգնել է ավելի քան 30.000 որբ և կարիքավոր երեխաների։

Բարանկիցեն արժնացավ $100 հազար պարգևի, ինչպես նաև` իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին $1 մլն դրամաշնորհի ներկայացնելու իրավունք: Նա ներկայացրեց դրամաշնորհի Fondation du Grand-Duc et de la Grande-Duchesse, Fondation Jean-Francois Peterbroeckas և Fondation Bridderlech Deelen կազմակերպությունները: Մյուս երեք հավակնորդից յուրաքանչյուրը ստացել է $25.000-ի դրամաշնորհ տրամադրելու իրավունք:

Բարանկիցեն ստացել է մրցանակն աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի ձեռքերից:

Մրցանակաբաշխությունը վարել են Washington Post խմբագիր Դևիդ Իգնեյշիուսն ու օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:

Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգև եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։

Կարդացեք նաև. «Ավրորա» մրցանակաբաշխությունը. Հայկական արմատներով գլոբալ մրցանակի նպատակն ու տեսլականը

ՖՈՏՈՇԱՐՔ