4 մայիսի 2016 - 10:33 AMT
Արևմտյան Վիրջինիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արևմտյան Վիրջինիան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս: Վկայակոչելով 1915-1923-ին մեկ ու կես միլիոն հայերի և մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաև մեր օրերին Մերձավոր Արևելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների ոչնչացումը` նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է.

«Ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը, ինչպես նաև անցյալի և ներկայի բոլոր ցեղասպանությունները` մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանություններ չեն կրկնվելու, և զգոն մնում ատելության, հալածանքի և բռնության հանդեպ»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ փաստաբաններ Համբարձում Կասպարյանը, Նենսի և Էմի Թոլիվերները տեղացի պաշտոնյաների հետ աշխատելով՝ կարևոր դեր են խաղացել հռչակագրի ընդունման գործընթացում, գրում է Aravot.am-ը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Մեսրոբյանը ողջունել է հռչակագիրը, մասնավորապես նշելով. «Այն ուժեղ ազդանշան է միջազգային հանրությանը և Օբամայի վարչակազմին, որ չենք կարող և չպետք է ընկրկենք Թուրքիայի ցեղասպանության հերքման արշավի առջև»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում:

Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ:

Կարդացեք նաև՝ Ամերիկացի ցեղասպանագետ. Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն աջակցում է նաև Օբաման