5 մայիսի 2016 - 14:52 AMT
ՀՀ ԱԳՆ. Բաքվի նոր ագրեսիայի դեպքում Արցախի ճանաչման հարցը կմտնի օրակարգ

ՀՀ կառավարության եզրակացությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ այն է, որ որոշումը պայմանավորված է լինելու երկու հայկական պետությունների միջև բանակցությունների արդյունքով՝ հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները:

Այդ մասին է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ԼՂՀ ճանաչման նախագծի հաստատմանը կառավարության նիստի ընթացքում:

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել այս զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանակ կմտնի օրակարգ»,-ասել է Քոչարյանը, գրում է Tert.am-ը:

Պատասխանելով հարցին, արդյոք Արցախի Հանրապետության ճանաչումը նշանակում է Մինսկի գործընթացի ավարտ, Շավարշ Քոչարյանն ասաց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան»:

Մայիսի 5-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի նախագիծը՝ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ: Օրինագծի հիմնավորման մեջ ասված է. «Սույն օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար»:

Կարդացեք նաև. Մոսկվան հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը խելամիտ կգործեն