14 մայիսի 2016 - 16:10 AMT
ԵԽ պատգամավորը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել

Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Խավիեր Նարտը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի ուղեկցությամբ մայիսի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Եվրախորհրդարանի պատգամավորը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նարտը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Եվրոպական խորհրդարանը 2015-ի ապրիլի 15-ի լիագումար նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։