Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի գլխավոր ընդդամդիր «Ժողովրդահանրապետական» կուսակացությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը:
Նրա հայտարարությունը տարբերվում է կուսակցության դիրքորոշումից, որը ստորագրել է մեջլիսում Գերմանիայի քայլը դատապարտող համատեղ հռչակագրի տակ:
«Այս տեսակ կոտորածները մարդկության դեմ հանցագործություն են»,-հայտարարել է Դողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան պետք է հրաժարվի գլուխը հողի մեջ թաղելուց:
Պոլսահայ պատգամավորը նշել է, որ իր ընտանիքում թե՛ հայրական, թե՛ մայրական կողմում կորուստներ են եղել:
Դողանը, նշելով, որ ժամանակին միլիոնների հասնող մարդկանցից այժմ միայն հազարներն են մնացել, ասել է. «Ինչպես այլ կոտորածների ու ջարդերի, այնպես էլ այս դեպքում պահանջում ենք մեջլիսում համապատասխան հանձնաժողով ստեղծել: Սակայն, ցավոք, դրա իրագործման համար համապատասխան հիմքերը դեռ չկան: Չունենք խորհրդարանական համակարգ ունենք, որը կարտացոլի բազմակարծություն, չունենք խոսքի ազատություն, ո՛չ էլ կարողանում ենք իրար հանդուրժել», Ensonhaber-ին հղումով մեջբերում է Ermenihaber.am-ը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել Գերմանիայում ընդունված բանաձևի բովանդակության վրա՝ նշելով, որ այն տարբերվում է այլ բանաձևերից, քանի որ Գերմանիան ընդունում է նաև իր պատասխանատվությունը:
«Քննադատություններով, Բեռլինից Թուրքիայի դեսպանին հետ կանչելով, «Մերսեդես» մակնիշի մեքենաներից քաջաբար հրաժարվելով Թուրքիան չի կարող ազատվել այս հարցից: Մի երկիր, որ ֆաշիզմի միջով է անցել, ընդունել է բանաձև, որը համապատասխանում է անցյալի հետ առերեսվելու իր ավանդույթին: Գերմանիայում լուրջ արխիվ կա: Եվ եթե Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը, ապա դա արխիվներն ուսումնասիրելու արդյունք է»,- եզրափակել է պոլսահայ պատգամավորը:
Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։
Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի միանում մեջլիսի՝ ընդդեմ Ցեղասպանության ճանաչման հռչակագրին
Գերմանացիների 74%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը, 91%-ը չի վստահում թուրքերին