6 հունիսի 2016 - 17:06 AMT
ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակ՝ Սերգեյ Համբարձումյանին

Հունիսի 11-ին հայտնի ֆիզիկոս Սերգեյ Համբարձումյանին կշնորհվի ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակը: Այդ մասին հայտնում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

2 մլն ռուբլի դրամական պարգևի հանձնումը տեղի կունենա Մինսկում:

«Հայ գիտնականի գիտական նվաճումները լիովին համապատասխանում են համաշխարհային նվաճումների մակարդակին և նպաստում են ոչ միայն ՀՀ, այլ նաև ԱՊՀ զարգացմանը»,-նշել են հիմնադրամում:

Մրցանակի դափնեկիրների թվում են ռուս դերասան Յուրի Սոլոմինը, բելառուս կենսաբաններ Վլադիմիր Ռեշետնիկովը, Վլադիմիր Տիտոկը և Ելենա Սպիրիդովիչը, ղրղզ կոմպոզիտոր Մուրատբեկ Բեղալիև, մոլդավացի գրող Իոն Դրուցեն, տաջիկ նկարիչ Վաֆո Նազարովը, ադրբեջանցի դաշնակահար Ֆարհադ Բադալբեյլին, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Ումուտկան Մունալբաևը:

ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակը սահմանվել է 2009-ին: Այն հանձնվում է ամեն տարի ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչներին հումանիտար ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար: