27 հունիսի 2016 - 17:01 AMT
Մոսկվան կտեղեկացնի Ֆրանսիային և ԱՄՆ-ին ԼՂ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին

Ռուսաստանն առաջիկայում կտեղեկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքների մասին:

«Մեր նախագահը կտեղեկացնի Մինսկի խմբի համանախագահներին Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Սարգսյանի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Առաջիկա օրերին: Հեռախոսազրույցներ տեղի կունենան»,-ասել է աղբյուրը Կրեմլում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Ընթերցեք նաև. ԵԱՀԿ նախագահ Շտայնմայերը հունիսի 29-ին կժամանի Հայաստան