27 հունիսի 2016 - 18:18 AMT
Նախագահ. Հռոմի պապի դիրքորոշումը կնպաստի Հայոց ցեղասպանության նոր ճանաչումներին

Հայաստանն ակնկալում է, որ ավելի շատ երկրներ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը Հռոմի պապի սկզբունքային դիրքորոշումից ու Բունդեսթագի կողմից արտահայտված տեսակետից հետո: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հռոմի պապի սկզբունքային դիրքորոշումը և Բունդեսթագի կողմից արտահայտված տեսակետները ճանապարհ կհարթեն այլ ազգերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Գերմանիան շատ կարևոր և նշանակալից դերակատարություն ունի միջազգային ասպարեզում, և այս որոշումը լավ օրինակ կծառայի այլ ազգերի համար՝ հետևելու և դրանից սովորելու համար»,- ասել է Սարգսյանը:

Նախագահը քննադատել է Եվրամիությանը միանալու ձգտումների առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումը՝ ասելով, որ Անկարան փորձում էր օգտագործել բռնակալության քաղաքականությունը միության վրա ճնշում գործադրելու համար:

«Ես չեմ կարծում, որ Թուրքիան այնպիսի խաղացող է, որ կարող է պարտադրել իր տեսակետները կամ ճնշում գործադրել Եվրամիության վրա»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

«Ես անկեղծորեն չեմ տեսնում որևէ հեռանկար, որ թույլ կտա Թուրքիային ճանապարհ հարթել Եվրամիությանը միանալու համար»,- հավելել է նախագահը:

Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է», -գրել է Սրբազան քահանայապետը: