5 հուլիսի 2016 - 15:28 AMT
Հրեա ցեղասպանագետ. Հերքելով Հայոց ցեղասպանությունը Իսրայելը անարգում է նաև Հոլոքոստի զոհերի հիշատակը

Իսրայելական Haaretz պարբերականի սյունակագիր, հայտնի ցեղասպանագետ Յաիր Աուրոնը, ով տարիներ շարունակ աշխատել է աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ուղղությամբ, անդրադարձել է հրեական պետության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու թեմային` ներկայացնելով իր վերլուծությունն ու կանխատեսումները։

«Իսրայելն աշխարհի քիչ ժողովրդավարական պետություններից է, եթե ոչ միակը, որն աջակցում է Թուրքիայի` Հայոց ցեղասպանության համառ ժխտողական քաղաքականությանը»,-սկսում է հոդվածագիրը` հիշեցնելով, որ մայիսի 31-ին` Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումից օրեր առաջ, տվյալ հարցը պետք է քննարկման դրվեր նաև Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում:

Իսրայելի Քնեսեթում հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության հարցով քննարկում է տեղի ունենալու: Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից

«Այնուհանդերձ` քննարկումը հետաձգվեց երկրի արտգործնախարարության ճնշման ներքո: Այս քննարկումը մեծ կարևորություն ունի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման համար տարիներ շարունակ մղված պայքարում: Նախկինում ես լիահույս էի, որ եթե Իսրայելի կառավարությունը չճանաչի, ապա գոնե Քնեսեթը վերջիվերջո կճանաչի այն:

Բայց այժմ` Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ֆոնին, Հայոց ցեղասպանության ճանաչման շանսերն ակնհայտորեն նվազել են: Եվ ի վերջո, ո՞վ վտանգի տակ կդնի նոր ձեռք բերված համաձայնագիրը` մեկ այլ ազգի ցեղասպանության լինել կամ չլինելու «աննշան» հարցի պատճառով»,-շարունակում է հեղինակը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ Անկարայի հետ հարաբերությունների բարելավման պարագայում աստիճանաբար ի չիք են դառնում հույսերն առ այն, որ գոնե Քնեսեթը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, գրում է Tert.am-ը:

Այնուհետև Աուրոնը հիշեցնում է, որ Իսրայելի գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինը նախկինում բարձրաձայնել է այս հարցի շուրջ իր դիրքորոշումը` իր զորակցությունը հայտնելով տառապյալ հայ ժողովրդին: Բացի այդ, Քնեսեթի խոսնակ եղած ժամանակ նա ասել է, որ Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն հոդվածագիրն ամոթալի է համարում այն փաստը, որ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ռիվլինը չի կրկնել նախկինում արած հայտարարություններն ու սահմանափակվել է` ասելով միայն. «Ես միտքս չեմ փոխել»:

«Քնեսեթում կայանալիք քննարկումը մեծ հետաքրքրություն կառաջացնի աշխարհում` իհարկե նախևառաջ հայերի ու հայկական սփյուռքի շրջանում: Ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է, սակայն ցինիկ քաղաքական գործիչները շարունակում են քողարկել ճշմարտությունը»,- գրում է նա։

Հրեա ցեղասպանագետը եզրակացնում է, որ Իսրայելի կողմից ճանաչումը, հավանաբար, կհանգեցնի նրան, որ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի ամբողջ աշխարհում: Եթե Իսրայելը նման կերպ վարվի, ապա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այլևս չի կարողանա մի կողմում քաշված մնալ: