7 հուլիսի 2016 - 15:03 AMT
Պուտինը ստորագրել է հակաահաբեկչական ուղղումների փաթեթը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է պատգամավոր Իրինա Յարովայայի և սենատոր Վիկտոր Օզերովի առաջարկած հակաահաբեկչական ուղղումները օրենսդրության մեջ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը ստորագրել է փաստաթղթերի փաթեթը, ահաբեկչությանը հակազդելու միջոցների մասին օրենքի ուղղումները»,-ասել է նա լրագրողներին:

Հունիսին ՌԴ Պետդուման և Դաշնության խորհուրդը հավանություն էին տվել «հակաահաբեկչական փաթեթին», որով կապի օպերատորները պարտավորվում են կես տարվա ընթացքում պահպանել օգտատերերի նամակագրությունն ու խոսակցությունները, հայտնում է Ինտերֆաքսը:

Փաթեթի մեկ այլ օրենքով քրեական պատասխանատվություն է սահմանվում միջազգային ահաբեկչական գործողության համար և պատիժ` իշխանության բռնի տապալման և դեսպանատների վրա հարձակման կոչերի համար:

Սահմանվում է նաև նոր հանցակազմ` ահաբեկչական ուղղվածության հանցագործության մասին չհայտնելը:

Ավելի վաղ Պետդումայի անվտանգության և կոռուպցիային հակազդելու կոմիտեն որոշել է օրինագծերի փաթեթից հանել ՌԴ քաղաքացիությունից զրկելու մասին դրույթը: Առաջարկվում էր այն անձանց, որոնք 2 քաղաքացիություն ունեն, զրկել ՌԴ քաղաքացիությունից, եթե վերջինս ծառայության անցնի օտարերկրյա հատուկ ծառայություններում, ինչպես նաև ահաբեկչական գործողություններ կատարելու դեպքում: