3 սեպտեմբերի 2016 - 14:14 AMT
«Ժառանգությունը» չի մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կուսակցության անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, և ստեղծված պայմաններում կուսակցությունը հրաժարվում է հանրակարգային մասնակցություն ունենալ առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

«Անառարկելի փաստ է այն, որ 1995-ից սկսված ՀՀ-ում բոլոր համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, սակավաթիվ բացառություններով, կեղծվում են օրվա գործող իշխանությունների կողմից: Սակայն «Ժառանգությունը», լինելով մասնակցային ուժ, 2002թ.-ին իր հիմնադրումից ի վեր մշտապես օգտագործել է իշխանությունների ապօրինություններին դիմադրության ցանկացած հարթակ և հնարավորություն, այդ թվում ընտրությունները՝ հասնելու ժողովրդի կամարտահայտության գրանցմանը՝ սահմանադրության առաջին և երկրորդ հիմնարար կետերի իրացման նպատակով»,- նշվում է հայտարարության տեքստում:

2016թ. հուլիս-օգոստոս ամիսների, ըստ հայտարարության, ժողովրդական պայքարի հանդեպ դե-ֆակտո իշխանությունների իրագործած բռնաճնշումները բերեցին «Ժառանգության» համար իր հիմնադրումից ի վեր մի աննախադեպ իրավիճակի, երբ նրա մի շարք ղեկավար անդամներ կալանավորվեցին՝ շեղելով կուսակցության քաղաքական օրակարգը և ստիպելով իր ջանքերն ուղղել նրանց ազատ արձակման գործին.

«Ու թեև Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը ի վերջո, գրավի դիմաց ազատ արձակվեցին, սակայն նրանց հանդեպ դեռ շարունակվում է քաղաքական հետապնդումը՝ շինծու քրեական գործի տեսքով, իսկ Հայաստանի բանտերը դեռ լեցուն են խղճի բանտարկյալներով, որոնց թվում են նաև մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ:

Նման պայմաններում մենք համարում ենք, որ ցանկացած տիպի, այդ թվում՝ ՏԻՄ ընտրությունների լեգիտիմությունը և լեգալությունը ի սկզբանե խաթարված է և «Ժառանգությունն» ինքը կաշկանդված է ընտրություններին լիարժեքորեն մասնակցելու առումով:

Այդ իսկ պատճառով «Ժառանգությունը» հրաժարվում է հանրակարգային մասնակցություն ունենալ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին, միաժամանակ ազատ թողնելով իր շարքային անդամներին իրենց անհատական նախաձեռնություններում»:

ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։ Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ:

Կարդացեք նաև՝ Քաղաքական պատկերը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին. Ով ում հետ և ում դեմ կպայքարի Գյումրիում ու Վանաձորում