5 սեպտեմբերի 2016 - 13:56 AMT
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

«Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2015-ի ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչով: Մի շարք պատգամավորների միջև ծավալված բանավեճից հետո խորհրդարանի խոսնակը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանի խորհրդարանում չեն պատրաստվում քննարկել: