6 սեպտեմբերի 2016 - 11:54 AMT
ԵԽԽՎ առաքելությունը կհետևի Ադրբեջանում կայանալիք սահմանադրական հանրաքվեին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն, առաքելություն կգործուղի Ադրբեջանում կայանալիք հանրաքվեն գնահատելու համար: ԵԽԽՎ պատվիրակությունը 7 անդամ կունենա, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Որոշումն ընդունվել է Փարիզում կայացած բյուրոյի նիստի ժամանակ: Նիստում նաև որոշվել է դիմել Վենետիկի հանձնաժողովին` Ադրբեջանի սահմանադրության մեջ փոփոխությունների իրականացման նախագծի կապակցությամբ:

Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:Սահմանադրության 100-րդ հոդվածում` «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները» հոդվածում առաջարկվում է հանել տարիքային սահմանափակումը նախագահի թեկնածուի համար:

2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին: