10 հոկտեմբերի 2016 - 10:45 AMT
Վրաստանի խորհրդարան ազգությամբ հայ 3 պատգամավոր է անցել

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում պետք է ձևավորվի նոր կառավարությունը։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցել է 1.814.276 ընտրող, ինչը կազմում է ընտրության ձայնի իրավունք ունեցող (3.513.884 քաղաքացի) երկրի քաղաքացիների ընդհանուր քանակի 51.63%-ը։

Երկրի 1.699.608 քաղաքացի (48,37%) որոշակի պատճառներով հրաժարվել է ներկայանալ ընտրատեղամաս և դրանով իսկ արտահայտել իր քաղաքացիական դիրքորոշումը։

Հայաբնակ Ջավախքում ընտրողների ակտիվությունը կազմել է 50.45%։ Այդ կերպ Ախալքալաք-Նինոծմինդա նորաստեղծ ընտրատեղամասում գրանցված 51.843 քաղաքացուց ընտրություններին է ներկայացել 26.153 մարդ։ Ջավախքի 25.690 բնակիչ ընտրությունների օրը որոշել է այլ գործերով զբաղվել։

Նախնական տվյալների համաձայն՝ Ախալքալաք-Նինոծմինդա ընտրական շրջանում ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Մկոյանի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 15 731 մարդ (63,42%)։

Վրաստանի հայկական համայնքը տարածած հաղորդագրությունում նշում է, որ դժվար չէ հաշվել՝ Վրաստանի Իններորդ համագումարի Խորհրդարանում «Ջավախքի ներկայացուցչի» ճակատագիրը որոշել է Ջավախքի ընտրողների ընդհանուր քանակի մոտավորապես 31-32%-ը։ Շրջանի ընտրողների 68-69%-ը մտածելու տեղ ունի:

Ինչ վերաբերում է այլ պաշտոնական տվյալներին՝ չնայած որ ամբողջ երկրի մասշտաբով ընտրությունները դեռևս չեն ավարտվել (շատ մեծամասնական շրջաններում քվեարկության երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն կա), Իններորդ համագումարի Խորհրդարանի հայ պատգամավորների հարցն արդեն պարզ է։ 2016-2020թթ․ Վրաստանի Խորհրդարանում կաշխատեն ազգությամբ հայ 3 պատգամավոր: Երեքն էլ ներկայացնում են «Վրացական երազանք» կուսակցությունը՝ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Ռուսլան Պողոսյանը:

Հետաքրքիր է, որ ադրբեջանաբնակ ընտրական շրջաններում (4 ընտրական շրջան՝ ընտրության իրավունք ունեցող 192.530 քաղաքացու ընդհանուր քանակությամբ) ընտրություններում ընտրողների մասնակցության ակտիվությունը ամենացածրերից մեկն է եղել՝ 39-45%։

Այն դեպքում, եթե Մառնեուլիի երկրորդ ընտրաշրջանում (գրանցված ընտրողների քանակը 47 832 մարդ) այնուամենայնիվ, քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն ծագի, և եթե հաղթի Ակմամեդ Իմամկուլիև թեկնածուն («Միացյալ Ազգային Շարժումից»), ապա երկրի հաջորդ խորհրդարանում կաշխատեն ազգությամբ ադրբեջանցի 4 պատգամավորներ։

Դեռևս հայտնի է երեք ադրբեջանցի պատգամավորի մասին, ովքեր հայտնվել են երկրի Խորհրդարանի կազմում՝ Մառնեուլիի առաջին ընտրաշրջանի մեծամասնական երեսփոխանը (Ռուսլան Գաջև), մեծամասնական ներկայացուցիչ Գարդաբանիից (Սավալան Միրզոևը) և «Վրացական երազանք» կուսակցության համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Մախիր Դարզիևը։

2016թ. հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդիպումների շարք է ացկացրել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի տարածքային կառույցների ներկայացուցիչների և անհատ թեկնածուների հետ: Հայտարարություն է տարածվել, որ ընդդիմադիր ուժերի տեսակետերը համըկնում են մեր պահանջների հետ:

Կարդացեք նաև՝ Վրաստանում խորհրդարան է անցնում 3 կուսակցություն