6 հունիսի 2007 - 19:41 AMT
Չիլիի Սենատը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հունիսի 5-ին Չիլիի Սենատը միաձայն ընդունեց որոշում, որով կոչ է անում երկրի կառավարությանը` զորակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա նկատմամբ իրագործած Հայոց ցեղասպանությունը: Որոշման նախագծի հեղինակն է Սենատի անդամ Ռիկարդո Նունյես Մունյոսը (Սոցիալիստական կուսակցություն): Փաստաթղթում մասնավորապես ասվում է. Հարգարժան Սենատը նկատի ունենալով, որ 1915թ. ապրիլի 24-ին Թուրքական կայսրության այն ժամանակների մայրաքաղաք Կոնստանդնապոլսում առանց դատավարության ձեռբակալվեց եւ անհետ կորավ հայ համայնքի ամբողջ ղեկավարությունը, ինչով սկիզբ դրվեց կայսրության իշխանությունների կողմից այդ ժողովրդի նկատմամբ բնականոն բնաջնջման քաղաքականությանը, որ 1915-1923թթ. ընթացքում դաժանորեն իրագործված ցեղասպանության հետեւանքով, Կայսրության ավելի քան 1.5 մլն. ազգությամբ հայ հպատակներ, որոնք հազարամյակներ շարունակ բնակվում էին իրենց նախնիների հողերում, զրկվեցին կյանքից, որ այս զարհուրելի արարքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին «Էթնիկ զտումը», եւ շատ ավելի առաջ, քան նման արարքներն իրավաբանական ձեւակերպում ստացան, արձանագրեց այս ժողովրդի մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման փաստը, որ 1985թ.-ին այն ճանաչվեց նաեւ ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման եւ փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից, որը հայերի հետ կատարվածը որակեց որպես ցեղասպանություն, որ նույնպես են վարվել նաեւ Ուրուգվայը, Արգենտինան, Հունաստանը, Բուլղարիան, Ռուսաստանը, Իտալիան, Լիբանանը, Շվեդիան, Շվեյցարիան, Հոլանդիան, Վենեսուելան, Լիտվան, Կանադան եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Սենատը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: