5 հունվարի 2017 - 16:29 AMT
ԱԱԾ. Կանխվել է Թուրքիայից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը ՀՀ

Կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան:Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Հայաստանի քաղաքացի Ա. Հ.-ն, 2016 թվականի դեկտեմբերի 31-ից գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` «հերոին» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների խմբաքանակ և «Ստամբուլ-Երևան» չվերթով տեղափոխել Հայաստան:

2017 թվականի հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կարմիր ուղին» հատելուց անմիջապես հետո վերոհիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և Հայաստանի պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելը):

«Ա. Հ.-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում: