9 հունվարի 2017 - 13:00 AMT
Վարչապետն Իրանի ու Թուրքմենստանի դեսպանների հետ էներգակիրների մատակարարման հարցեր է քննարկել

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:

Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր:

Թուրքմենստանը մատակարարում է գազ Իրանին՝ հյուսիս-արևելյան նահանգների համար: Նախորդ տարիներին ՀՀ-ն ևս ներմուծել է գազ Միջին Ասիայից, մասնավորապես՝ Թուրքմենստանից ու Ղազախստանից, սակայն ներկրման ծավալները երկրի էներրգետիկ համակարգում էական դեր չեն խաղացել:

Վարչապետը նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն:

«Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017 թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին», - նշել է կառավարության ղեկավարը:

Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին` Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ: