12 հունվարի 2017 - 11:44 AMT
Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու նախագիծը հավանության է արժանացել

ՀՀ Կառավարությունը հունվարի 12-ին հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին նախագահի հրամանագրի նախագծին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ և Ծոցի տարածաշրջանի երկրների հարաբերություններն ու բազմաճյուղ գործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում:

Նշվում է, որ մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով:

Ներկայումս Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: ԱՄԷ-ում, մասնավորապես՝ Դուբայում բնակվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում է շաբաթական 4-5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև՝ բեռնափոխադրումները:

Դուբայ քաղաքում գործում է մոտ 70 հյուպատոսություն:

Նաև նշվում է, որ նկատի ունենալով աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` նպատակահարմար է ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:

«Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ: