17 հունվարի 2017 - 14:59 AMT
Կոսովոն մեղադրում է Սերբիային Ղրիմի օրինակով այն «բռնակցելու» մտադրության մեջ

Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին մեղադրել է Սերբիայի կառավարությանը Հյուսիսային Կոսովոյի բռնազավթում նախապատրաստելու մեջ` ՌԴ-ին Ղրիմի միանալու օրինակով:

Նախագահ Տաչին հայտարարել է, որ ազգայնական կարգախոսով գնացք Կոսովո ուղարկելու փորձը կոչված էր կտրուկ արձագանք հրահրելու, որը հետո Բելգրադը կկարողանար որպես պատրվակ օգտագործել ռազմական ներխուժման համար, գրում է BBC-ին Reuters-ի վրա հղումով:

Հյուսիսային Կոսովոյում մոտ 50.000 սերբ կա, որոնք հրաժարվում են ճանաչել անջատված ինքնավարության անկախությունը: Ավելի վաղ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարել էր, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում զորքեր ուղարկել Կոսովո սերբերին պաշտպանելու համար: Դա ասվել է մեկ օր անց այն միջադեպից, երբ փորձ արվեց «Կոսովոն դա Սերբիա է» գրությամբ գնացք ուղարկել Բելգրադից Կոսովո:

«Սերբիան մտադիր էր օգտագործել ՌԴ տրամադրած այդ գնացքը սկզբից Կոսովոյի հյուսիսային մասը մեկուսացնելու, իսկ հետո… Սերբիային միակցելու համար: Դա Ղրիմի մոդելն է»,-ասել է Կոսովոյի առաջնորդը:

Երկաթուղային հաղորդակցությունը Սերբիայի մայրաքաղաքի և անջատված ինքնավարության միջև խզվել է 1998-1999թթ. հակամարտության ժամանակ: Կոսովոյի անկախությունը ճանաչել է ՄԱԿ 110 երկիր, այդ թվում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Գերմանիան: Սերբիան և ՌԴ-ն չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Գնացքը սերբական Ռաշկա ավանում կանգնեցնելու կարգադրություն է տվել Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը: Նա ասել է, որ գնացել է այդ քայլին «պահպանելու համար մարդկանց կյանքն ու ազատությունը և կանխելու համար էլ ավելի մեծ հակամարտությունը` ցույց տալով, որ մենք խաղաղություն ենք ուզում»:

Վուչիչը մեղադրել է Կոսովոյի ուժայիններին երկաթուղային պաստառն ականապատելու մեջ: Սերբիայի վարչապետը նաև հայտարարել է, թե Կոսովոյի իշխանությունները մտադիր էին ձերբակալել գնացքի մեքենավարին և նրա ուղևորներին, թեև, ինչպես նա արտահայտվել է, խոսքը «գնացքի մասին է, ոչ թե տանկի:

Կոսովոյի ոստիկանությունը հերքել է մեղադրանքները` ասելով, որ պայթուցիկ չի հայտնաբերել: Չնայած խիստ հայտարարություններին, Սերբիայի և Կոսովոյի միջև հակամարտության վերսկսումը քիչ հավանական է:

Սերբիան զգալի առաջընթաց է գրանցել ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորումն այդ գործընթացի կարևոր բաղադրիչն է: Սակայն Բելգրադը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ Պրիշտինան չի կատարում ամբողջությամբ արդեն առկա պայմանավորվածությունները, այդ թվում տեղաշարժի ազատության մասին: