17 հունվարի 2017 - 14:49 AMT
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Այա մասին հայտնի է դարձել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստի արձանագրության հրապարակումից հետո:

ԵԱՀԿ նախագահող կողմը նիստի ժամանակ ասել է, որ հնարավոր չի եղել Նախապատրաստական կոմիտեում փոխհամաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ՝ չնայած այն մոտ է եղել: Մշտական խորհրդի նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն իր ելույթում նշել է, որ քննարկումների ընթացքում «մի պատվիրակություն մտահոգություն է հայտնել, որ մարդասիրական ականազերծման ոլորտում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի նախատեսվող գործունեությունը չի համապատասխանում առաքելության մանդատին»: Նա հավելել է, որ Գերմանական նախագահությունը Երևան է ուղարկել ԵԱՀԿ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին՝ գնահատելու առաքելության գործունեության բնույթը: Հիմնվելով նրա զեկուցման վրա՝ նախագահությունը եկել է եզրակացության, որ քննարկվող գործունեությունը չի հակասում առաքելության մանդատին:

Շտայնմայերի խոսքով՝ հաջորդող Ավստրիայի նախագահության հետ իրենք աշխատել են առկա մտահոգությունները բավարարելու ուղղությամբ:

«Չափազանց ցավալի է, որ դեռ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ, չնայած ըստ էության գտնվել է բոլորի համար ընդունելի լուծում: Մնացած հարցերը զուտ ընթացակարգային բնույթի են, և մենք վստահ ենք, որ դրանք կարճ ժամանակում կլուծվեն Ավստրիայի նախագահության օրոք»,- ասել է նախագահը՝ հույս հայտնելով, որ դա թույլ կտա նաև կայացնել որոշումներ, որոնք այժմ արգելափակված են:

Նա նշել է, որ քանի որ սպասվում է կարճ ժամանակում առաքելությունների մանդատների վերաբերյալ որոշումներ, նախագահող կողմը խորհուրդ կտա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին այս պահին չսկսել այդ առաքելությունների փակման ընթացակարգը:

Շտայնմայերն շեշտել է, որ դաշտային առաքելությունների գործունեության առանձին տեսակներին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն բյուջեի բանակցությունների շրջանակում, և այդ առումով նա ուշադրություն է հրավիրել իրավիճակի բացառիկության վրա, որը հեռու է ապագայում մանդատի երկարացման որոշումների համար օրինակ ծառայելուց:

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ մասնակից պետությունները, որոնք շարունակվող հակամարտությունների ֆոնին առավելագույնս կարող էին շահել ԵԱՀԿ գործունեությունից, ամենաքիչն են հակված փոխզիջման:

«Ընտրած դիրքորոշումների պնդումը, ճկունության պակասը, անգամ երբ բովանդակային բոլոր հարցերը ստացել են պատասխաններ, վնասում են մեր աշխատանքին և անվտանգության և համագործակցության խթանման ուղղությամբ մեր ընդհանուր ջանքերին: Եթե այդ վերաբերմունքը շարունակվի կամ դառնա սովորական պրակտիկա, այն ԵԱՀԿ-ն անգործունակ կդարձնի»,- ասել է մշտական խորհրդի նախագահը:

Նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե իր երկիրը չի պատրաստվում համաձայնություն տալ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում:

Ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիներին լուրջ մտահոգության առիթ է դարձել ականազերծման հետ կապված Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, ինչը «հստակորեն հետկոնֆլիկտային վերականգնողական միջոցառում է»: Ադրբեջանը դժգոհություն է հայտնել, որ ԵԱՀԿ գրասենյակն աջակցություն է տրամադրում Հայաստանի մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում ականազերծման աշխատանքների հարցում:

Հայաստանի ներկայացուցիչը նիստի ընթացքում ընդգծել է, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է նվազեցնել ԵԱՀԿ-ի մշտական ներկայությունը Հարավային Կովկասում՝ հիշեցնելով, որ այն նախ նվազեցրել, այնուհետև պարզապես փակել է Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը: Այժմ Ադրբեջանը փորձում է թիրախավորել տարածաշրջանում մնացած ԵԱՀԿ-ի առաքելությունները՝ «զրպարտություն և անհիմն մեղադրանքներ տարածելով»:

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն չպետք է հանդուրժի երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ տեխնիկական որոշումը Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի վերջին լիարժեք առաքելության վրա հարձակման համար օգտագործելու ներկայիս աննախադեպ փորձը:

«Ցանկացած անսկզբունքային դիրքորոշում կարող է ընկալվել Ադրբեջանի կողմից որպես ԵԱՀԿ-ում ապակառուցողական դիրքորոշման համար խրախուսանք: Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանը ԵԱՀԿ-ն ընկալում է որպես մարտադաշտ՝ պատանդ վերցնելու ոճով հակամարտության մասին իր ընկալումներն առաջ տանելու համար»,- ասել է Հայաստանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ մենք չենք կարող տպավորություն ստեղծել, որ հանդուրժելու ենք Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ն քայքայող քայլերը և կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը:

Հայաստանի ներկայացուցիչը նաև պնդել է, որ իր հայտարարությունը կցվի նիստի արձանագրությանը:

Կարդացեք նաև՝ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը ՀՀ ԸՕ-ի վերաբերյալ. «Բարեփոխման գործընթացը եղել է բաց և համապարփակ»