17 հունվարի 2017 - 17:48 AMT
Թանկյան. Փայլանն իսկական հերոս է

Հռչակավոր ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում իսկական հերոս է անվանել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, որն իր ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

Նա մասնավորապես գրել է. «Այս նշանավոր օրը, երբ մենք հիշում ենք Մարտին Լյութեր Քինգին և այն ամենը, հանուն ինչի նա պայքարել է, Էրդողանի կառավարությունը հեռացնում է պատգամավորին Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար: Կարո Փայլանն իսկական հերոս է, քանի որ շատ հեշտ է խոսել ցեղասպանության մասին հալածանքներից զերծ հասարակությունում և շատ վտանգավոր է, երբ հետևանքներն անխուսափելի են: Ես եզակի պատիվ եմ ունեցել հանդիպելու նրա հետ անցյալ տարի: Մենք քեզ հետ ենք, Կարո»:

Կարո Փայլանը թուրքական մեջլիսում հունվարի 14-ի իր ելույթում մեծ աղմուկ է հանել Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով: Նրա դեմ հայց է ներկայացվել դատախազություն:

Թուրք պատգամավոր Արիֆ Քյոռօղլունի պնդմամբ` մեջլիսում ցեղասպանություն բառի օգտագործումը ստորացուցիչ է թուրք ժողովրդի, հանրապետության և օրենսդիր մարմնի համար:

Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ ունեցած հայ պատգամավոր Կարո Փայլանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է... Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»: Այս ելույթի համար հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել մեջլիսի առաջիկա 3 նիստին:

Ընթերցեք նաև. Ցեղասպանություն բառի համար Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել դատախազություն