Հայաստանը բավականին համեստ ցուցանիշներ ունի 79 զարգացող երկրների շարքում զբաղվածության, աշխատանքի վարձատրության, կյանքի մակարդակի և սոցիալական ինտեգրման տեսակետից: Այդ են վկայում Համաշխարհային տնտեսական ֆորումի նոր զեկույցի տվյալները:
Զեկույցում, որը կոչվում է «Զեկույց համակողմանի աճի ու զարգացման մասին-2017», բերված են 109 երկրների համակողմանի զարգացման ցուցանիշները, որոնցից 30-ը համարվում է զարգացած տնտեսությամբ երկիր, իսկ մնացած 79-ը` զարգացող: Հետազոտության արդյունքները հիմնված են 12 առանցքային ցուցանիշի վրա 3 հիմնական ուղղություններով` աճ և զարգացում, ներգրավվածություն, սերունդների միջև հավասարություն և կայունություն:
Հայաստանը զարգացող երկրների ցանկում հայտնվել է 50-րդ տեղում` զգալիորեն զիջելով հարևաններին. Ադրբեջանն այդ ցուցակում 2-ն է, Թուրքիան` 20-ը, Իրանը` 21-րդը, Վրաստանը` 31-րդը: Ռուսաստանը զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 40-րդ տեղում է` կրկին զիջելով հարևան Թուրքիային, որը 9-րդ հորիզոնականում է, Ադրբեջանին, որը 24-րդն է, Իրանին, որը 27-րդն է և Վրաստանին, որը 34-րդն է:
Զարգացող երկրների առաջին եռյակում են Լիտվան, Ադրբեջանն ու Հունգարիան:
Զարգացող երկրների թվում առաջատարը Նորվեգիան է, որին հաջորդում են Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Իսլանդիան և Դանիան: Զարգացող տնտեսությամբ երկրների առաջին տասնյակում են Շվեդիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ավստրիան:
Վարկանիշի վերջին հորիզոնականում Մոզամբիկն է: