Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 17-ին ևս երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը:
Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանի համար սպասելի էր դատարանի որոշումը: Հենց այդ կանխորոշված ելքից ելնելով էլ Մանուկյանը չէր ներկայացել դատարան: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արամ Մանուկյանին մինչ վճռի հրապարակումը տեսակցել էր պաշտպանը:
«Ասաց գամ ի՞նչ անեմ: Ամեն անգամ նույն բանն է լինում: Հավատ չունի, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասել է Բաղդասարյանը, մեջբերում է «Ա1+»-ը:
Նա տեղեկացրել է, որ Մանուկյանի առողջական վիճակն էլ հիմա լավ է, առանց հենակների քայլում է:
15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: