18 հունվարի 2017 - 11:32 AMT
Պենտագոնի ղեկավար. ՌԴ հետ գործակցության հնարավորությունները կրճատվում են

Պաշտոնից հեռացող Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը կարծում է, որ ՌԴ հետ գործակցելու ԱՄՆ հնարավորությունները ռազմական ոլորտում կրճատվում են: «Ես տեսնում եմ ոլորտներ, որտեղ կարելի է գործակցել, սակայն դրանք գնալով նեղանում են»,-ասել է Քարթերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Bloomberg-ի վրա հղումով:

«Այն ընդհանուր տարածքը, որտեղ կարելի է միասին աշխատել, վերջին 10 տարում գնալով կրճատվում է: Դա ուղղակի մեր ընթացիկ կյանքի փաստն է»,-ասել է նա:

Առկա հնարավորությունների թվում Քարթերը հիշատակել է Հյուսիսային Կորեայի և Իրանի միջուկային ծրագրերը` չհիշատակելով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը: Բացի այդ, պաշտոնյան հիշեցրել է 1990-ականներին Բալկաններում երկու երկրների գործակցության մասին:

Քարթերը կարծում է, որ հաջորդ 4 տարում, երբ ԱՄՆ նախագահ կլինի Դոնալդ Թրամփը, Մոսկվան ու Վաշինգտոնը կկարողանան համագորածկցել ՀԿԺՀ հարցում:«Ռուսները, ինչպես և մենք, կարծում են, որ իրենց շահերից չի բխում նոր միջուկային զենքը, պատերազմն իրենց սահմաններին»,-ասել է Քարթերը:

Հունվարի 20-ին Էշթոն Քարթերը հեռանում է պաշտոնից: Նրա տեղը կզբաղեցնի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթթիսը, որի թեկնածությունն առաջարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: