18 հունվարի 2017 - 11:00 AMT
Սուրենյան. Արարատյան դաշտում մառախուղի հիմնական պատճառ անտիցիկլոնը թուլանում է

Արարատյան դաշտում սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր վերջապես մի դրական բան երևաց: Սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Հունվարի 19-ին, 20-ին և 22-ին Թուրքիայի տարածքից Հայաստան կներթափանցեն տեղումնաբեր ցիկլոններ, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն:

Մոտեցող ցիկլոնի ուժը մեծ չէ, բայց ամեն դեպքում, գիտական նյութերի վերլուծությունները մեզ բերում են այն եզրակացության, որ այն որոշակի դրական ազդեցություն կթողնի Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտի քայքայման վրա: Բնականաբար այն միանգամից չի վերանա, բայց հունվարի 19-22-ին աստիճանաբար կնկատվի դրական տեղաշարժ»,- գրել է Սուրենյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀՀ տարածքում հունվարի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: