18 հունվարի 2017 - 11:46 AMT
Սասունյան. ՌԴ-ի և ԱՄՆ-ի դրական հարաբերությունները կօգնեն լուծել ՀՀ առջև ծառացած խնդիրները

ԱՄՆ-ում նոյեմբերի նախագահական ընտրություններից հետո «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն արդեն մի քանի անգամ անդրադարձել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ամերիկահայերին ամեն ջանք գործադրել նրա կամ նրա օգնականների հետ մինչև հունվարի 20-ի նախագահական երդմնակալությունը կապ հաստատելու համար:

«Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացիներն ընտրեցին նախագահի առավել անհավանական թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին: Նա ձեր պատկերացրած քաղաքական գործիչը չէ: Որպես հաջողակ և հայտնի գործարար, նա սովոր է հանպատրաստից ելույթներ ունենալ և հավանություն չտալ որևէ կոնկրետ ուղղության: Հաշվի առնելով Թրամփի նախագահության հակասական բնույթը՝ կտրուկ փոփոխությունների կարող են ենթարկվել ներքին և արտաքին հարաբերությունները: Նախագահ Թրամփն արդեն վերանայել է իր դիրքորոշումը որոշ նախընտրական հիմնական խոստումների վերաբերյալ. ապօրինի օտարերկրացիների արտաքսում, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների միջև պատի կառուցում, և իսլամական երկրներից Միացյալ Նահանգներ ներգաղթյալների այցերի արգելում: Թրամփը փոխել է նաև իր դիրքորոշումը որոշ կարևոր միջազգային հարցերի վերաբերյալ: Նա ինքն էլ վստահ չէ, թե ինչ դիրքորոշում կունենա արտաքին քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ»,- հերթական հոդվածում գրել է Սասունյանը և ներկայացրել միջազգային հիմնական որոշումների համառոտ ցանկը, որ Թրամփը պետք է կայացնի.

«1. Հարաբերությունների ամենակարևոր վերանայումը կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Եթե այս երկու խոշոր երկրները կարողանան համաձայնության գալ, ապա աշխարհի կայունությունը վտանգող տարաձայնության որևէ պատճառ չի լինի: Բացի այդ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը դրական ազդեցություն կունենա Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում: Միջազգային խոշոր գործիչներից շատերը, որոնք դեմ են արտահայտվում Պուտինի և Թրամփի միջև հարաբերությունների բարելավման հեռանկարին, նորից վերադառնում են սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպին: Ամենամեծ խնդիրը, որ ծագել է վերջին շաբաթներին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հակերային հարձակման մեջ Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքն էր: Սակայն, ռուսները որևէ արտառոց բան չեն արել: Չինաստանը, Ռուսաստանը և նույնիսկ Միացյալ Նահանգների դաշնակիցները միշտ էլ փորձել են գողանալ միմյանց գաղտնիքները:

2. Թրամփը, գործող միջազգային համաձայնագրերի հետ կապված իր դժգոհության պատճառով, կցանկանա կրկին բանակցություններ վարել Օբամայի վարչակազմի կողմից նախկինում հաստատված պայմանների շուրջ: Առավել կարևոր փոփոխություններից մեկը, որ Թրամփը կցանկանա կատարնել՝ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ կրկին բանակցություններ վարելն է, որը Իրանից և ԱՄՆ-ից բացի ներառում է նաև մի շարք այլ երկրներ: Մնում է տեսնել, թե արդյոք իրանցիները կհամաձայնեն Թրամփի կողմից առաջարկվող փոփոխություններից որևէ մեկին:

3. Թրամփի համար մյուս կարևոր վերանայումը՝ արաբա-իսրայելական հակամարտության լուծումն է: Սակայն, եթե նա իր ծրագրերի համաձայն պատրաստվում է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, ապա դա կարող է լուրջ բախում առաջացնել ԱՄՆ-ի և արաբական երկների միջև՝ հանգեցնելով խիստ անցանկալի հետևանքների:

4. Վերջին հարցը, որ կծառանա նախագահ Թրամփի առջև՝ Միացյալ Նահանգների և Կուբայի միջև նոր հարաբերությունների բարելավումն է: Մնում է տեսնել, թե արդյոք Կուբան կհամաձայնի Թրամփի կողմից առաջարկվող որևէ փոփոխության:

Ոչ մի երաշխիք չկա, որ նախագահ Թրամփի գաղափարները կբարելավեն նախկինում կնքված համաձայնագրերը, կամ եթե դրանք ընդունվեն մնացած աշխարհի կողմից: Հետևաբար, շատ մեծ անորոշություն կա, թե ուր կտանի նոր աշխարհակարգը, և արդյոք կբարելավվեն հարաբերությունները տարբեր երկրների միջև: Ամբողջ աշխարհը հույս ունի, որ երկրներն ավելի լավ հարաբերություններ կունենան միմյանց հետ և խաղաղ լուծումներ կգտնվեն: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դրական հարաբերությունները կօգնեն Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը»,- գրել է «Կալիֆորնիա Կուրիերի» խմբագիրը:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: