18 հունվարի 2017 - 11:59 AMT
Ստրասբուրգում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2015-18թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստան-ԵԽ 2015-18թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված միջոցառում, որտեղր ուրվագծվել են ֆինանսավորման կարիք ունեցող առաջանային ծրագրերը: Միջոցառումը կազմակերպել էր ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ ԵԽ քարտուղարության հետ համատեղ:

Հայկական կողմից միջոցառմանը մասնակցում էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով հանդես եկավ բացման խոսքով։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին, ով ամփոփել է նիստի արդյունքները։

Նիստին ներկայացվել են Հայաստան-ԵԽ ԳԾ շրջանակներում իրականացված մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդական կառավարման ամրապնդմանը, ընտրական բարեփոխումներին, արդարադատության ապահովմանը, քրեակատարողական հիմնարկների բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականցման ընթացքը և ձեռքբերումները։ Անդրադարձ է կատարվել նաև հետագա անելիքներին, ուրվագծվել են ֆինանսավորման կարիք ունեցող առաջանային ծրագրերը։ Գոհունակությամբ է ընդգծվել Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը, ինչը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանում իրականացվող լայն ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա էին ԵԽ անդամ պետությունների դեսպաններ, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության ներկայացուցիչը, ԵԽ քարտուղարության պաշտոնյաներ, դիվանագետներ։

Հունվարի 16-ին նախարար Արփինե Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլ Մույժնիեքսի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

2015-ի մարտի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը:«Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը: Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվեցին ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: