18 հունվարի 2017 - 12:28 AMT
Մովսիսյան. Հուսով եմ` ՀՀ-ն կմասնակցի Ռուսաստանում կայանալիք ԱԱ-18-ին

Ռուսական «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն այժմ խաղում է «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում, կարծում է, որ 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը լավագույնն է լինելու Աշխարհի գավաթի մրցումների պատմության մեջ:

«Ես ճանաչում եմ ռուսներին, լավ գիտեմ այդ մարդկանց: Նրանք շատ բարեհամբույր են: Ես կարծում եմ, որ 2018-ին կայանալիք աշխարհի առաջնությունը լավագույնն է լինելու Աշխարհի գավաթի բոլոր նախորդ մրցումներից: Ռուսաստանում ուզում են ապացուցել, որ այնտեղ ամեն ինչ այդքան վատ չէ: Շատերը հիմարություններ են ասում Ռուսաստանի մասին` նստած համակարգչի կամ հեռուստացույցի առջև, ոչ մի անգամ չլինելով այդ երկրում:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու են ընկերներս: Հուսով եմ, որ Հայաստանը ևս կմասնակցի մրցաշարին:

Կարծում եմ, որ Ռուսաստանը աշխարհի առաջնությունն ընդունած լավագույն երկրներից կլինի: Ռուսները բարեհամբույր են, ձգտում են լավագույնը լինել, ֆինանսներ են ծախսում այդ ամենի համար: Հավանաբար, դա կլինի Աշխարհի գավաթի ամենաանվտանգ խաղարկություններից մեկը»,-ասել է Մովսիսյանը, գրում է Championat.com-ը` ESPN FC-ի վրա հղումով:

2016-ի հունվարից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը հոկտեմբերի 11-ին դարձել է Յուտա նահանգը ներկայացնող ակումբի լիիրավ ֆուտբոլիստ: Մովսիսյանը 2016-ի ընթացքում MLS-ում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

2016-ի նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարել էր, որ «ցանկացել է Յուրային տեսնել հավաքականում, բայց ֆեդերացիայի նախագահի պատասխանը բոլորին է հայտնի»: