18 հունվարի 2017 - 12:45 AMT
Զոհված 18 զինծառայողի ընտանիքների բնակարաններ կվերանորոգվեն

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը, զոհված զինծառայողների ընտանիքներին օժանդակելու նպատակով, համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որոշում է կայացրել 18 զոհված զինծառայողի ընտանիքի տրամադրել օգնություն և աջակցել բնակարանների վերանորոգման հարցում:

Բարեգործության հասցեներն ընդգրկում են Երևանն ու մարզերը: Վերանորոգման ընդհանուր արժեքը կազմում է 29 մլն դրամ, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Գումարի միջոցով, ըստ անհրաժեշտության, կնորոգվեն բնակարանների տանիքները, կփոխվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն ջեռուցման և սանհանգույցի հարդարման աշխատանքներ:

2017թ հունվարի 28-ից հետո մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։