18 հունվարի 2017 - 12:57 AMT
ՄԻՊ-ը` Չինարիի դիվերսիայի մասին. ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանցիներին ոչ մի վտանգ չի սպառնացել

Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում պետական սահմանին տեղի ունեցած հակառակորդի դիվերսիոն փորձից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք առաքելությունը պարզել է, որ ՀՀ զինված ուժերի կողմից բացառվել է որևէ վտանգ հակառակորդի նկատմամբ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, փաստահավաք առաքելությունն իրականացվել է բաց ռեսուրսների հիման վրա։ Նշենք, որ փաստահավաք առաքելությունն իրականացվել է դեկտեմբերի 29-30-ին, ինչպես նաև տոնական օրերին։

2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում: Ադրբեջանական կողմը, ՀՀ ՊՆ հաղորդմամբ, կորցրել է 7 զինծառայող: Նրանցից մեկի՝ Հուսեյնովի դին մնացել է ՀՀ տարածքում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ: