18 հունվարի 2017 - 13:22 AMT
Amazon-ը թույլ է տալիս ծախսված գումարի 0,5%-ը փոխանցել Հայաստանին

Amazon համաշխարհային հսկայի ստեղծած AmazonSmile գործիքը հնարավորություն է տալիս ամեն անգամ ընկերության օնլայն խանութից գնումներ կատարելիս գնված ապրանքի գումարի 0,5%-ը փոխանցել որևիցե բարեգործական կազմակերպության։ Համակարգում գրանցվածների թվում են նաև մոտ 120 հայկական կազմակերպություն Հայաստանից և սփյուռքից, հետևաբար, AmazonSmile-ի հաշիվում ընտրելով դրանցից որևիցե մեկը, օգտատերը կարող է անձամբ զբաղվել բարեգործությամբ եւ աջակցել հայրենիքին։

Փաստացի, AmazonSmile-ը չի ենթադրում որևիցե ավելորդ ծախս օգտատիրոջ համար։ Գրանցվելով հարթակում, նա կրկին օգտվում է ապրանքների նույն տեսականուց և զեղչերից, սակայն այս դեպքում Amazon-ը գնված ապրանքի գումարի 0,5%-ը փոխանցում է օգտատիրոջ ընտրած բարեգործական կազմակերպությանը։

Հայկական կազմակերպություններից ներկայացված են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, «Դեպի Հայք» կազմակերպությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և այլն։ Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհից համակարգում գրանցված է շուրջ 1 մլն կազմակերպություն։

Հարթակում գրանցվելու համար պետք է ընդամենը մուտք գործել smile.amazon.com կայքէջ համակարգչի կամ մոբայլ սարքի միջոցով՝ սեփական Amazon հաշվով, ինչից հետո օգտատերը կարող է փնտրել ու գտնել այն բարեգործական կազմակերպությունը, որին նա ցանկանում է աջակցել։ Հարթակը նաև թույլ է տալիս ցանկացած ժամանակ փոփոխել բարեգործական կազմակերպությունը։

Amazon.com, Inc. –ն ամերիկյան ընկերություն է, աշխարհում խոշորագույնը Համացանցի միջոցով ապրանքներ և ծառայություններ վաճառողների թվում և առաջին ինտերնետ-ծառայություններից մեկը, հիմնված մասսայական պահանջարկ ունեցող իրական ապրանքների վաճառքի վրա։ 2016թ-ի վերջին ընկերության աշխատակիցների թիվը հասել է 180 հազարի, իսկ 2015թ-ին ընկերության օպերատիվ եկամուտները կազմել են $2.233 մլրդ։