18 հունվարի 2017 - 13:56 AMT
ՌԴ և Ավստրիայի ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղյան հիմնահարցը

Մոսկվայում մեկնարկել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2017-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից անցել է Ավստրիային:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, Մերձդնեստրում, ինչպես նաև Եմենում և Լիբիայում:

Հունվարի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դիտորդների քանակի ավելացման վերաբերյալ պայմանավորվածությունները մինչ օրս իրողություն չեն դարձել ԵԱՀԿ ներսում փոխհամաձայնության բացակայության պատճառով:

Մինչդեռ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Այս մասին հայտնի է դարձել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի լիագումար նիստի արձանագրության հրապարակումից հետո: ԵԱՀԿ նախագահող կողմը նիստի ժամանակ ասել է, որ հնարավոր չի եղել Նախապատրաստական կոմիտեում փոխհամաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման վերաբերյալ: