18 հունվարի 2017 - 17:49 AMT
Ստամբուլի հայկական «Քամփ Արմեն» ճամբարը նաև երիտասարդության կենտրոն կլինի

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի «Քամփ Արմեն» ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագիծը պատրաստ է:

Ճամբարը համայնքին կծառայի որպես երիտասարդության և տեխնոլոգիաների կենտրոն՝ միաժամանակ մնալով որբանոց, թուրքական Sondakika-24-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Գեդիկփաշայի հայակական բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբելօղլուն հայտնել է, որ աշխատանքները կսկսեն, երբ Թուզլայի թաղապետարանը հրաժարվի ճամբարի բարեկարգման նախագծի վրա գրված «վարչական տարածք» արտահայտությունից:

«Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961թ. գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:

2015-ին ճամբարի սեփականատերը որոշել էր քանդել այն, սակայն հայ համայնքի երիտասարդների երկարատև պայքարից հետո ճամբարը վերադարձվեց իրավատիրոջը՝ Գեդիկփաշայի հայակական բողոքական եկեղեցու հիմնադրամին: