19 հունվարի 2017 - 13:10 AMT
Իտալիայում հյուրանոցը մնացել է ձնահյուսի տակ. Կան զոհեր

Կենտրոնական Իտալիայի Աբրուցցո շրջանի Գրան Սասո լեռներում ձնահյուսի հետևանքով Rigopiano di Farindola հյուրանոցը մնացել է ձնահյուսի տակ: Կան զոհեր, հյուրանոցում կարող էր մոտ 30 մարդ լինել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով փրկարարները մի քանի ժամ շարունակ փորձել են հասնել հյուրանոց: «2 մարդ է փրկվել` հենց նրանք են օգնություն խնդրել: Կան վիրավորներ, սակայն, դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է անհետ կորել»,-գրել է իր ֆեյսբուքյան էջում Պեսկարա գավառի ղեկավար Անտոնիո դի Մարկոն:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան: Ձնահյուսը, որի պատճառը հավանաբար ավելի վաղ տեղի ունեցած երկրաշարժն էր կենտրոնական Իտալիայում, ամբողջությամբ ծածկել է հյուրանոցը: