20 հունվարի 2017 - 15:27 AMT
ՀՀ Փաստաբանների պալատը մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին

ՀՀ Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը աշխատում է Լապշինին աջակցություն ցուցաբերելու հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Մինսկում Բաքվի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։

«Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Վերջիններիս հաջողվել է քաղվածք կատարել որոշումից:Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։ Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը»,-ասվում է գրառման մեջ:

Հունվարի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կաշխատի լուծել ԼՂ այցելության համար Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՌԴ-ն ու Բելառուսը միութենական պետություն են` Լավրովն ասել է, որ Միութենական պետության շրջանակում երկու երկրների քաղաքացիների բոլոր իրավունքները հավասարեցված են առանց բացառության բոլոր ոլորտներում:

Ավելի վաղ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նամակ էր հղել Բելառուսի Փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ Վիկտոր Չայչիցուին և ՌԴ Փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոյին` Լապշինի հետ կապված իրավիճակը համարելով «հիմնարար ազատությունների և իրավունքների աղաղակող խախտում»:ՀՀ Փաստաբանների պալատում կարծում են, որ Լապշինի արտահանձնումը կարող է նախադեպ դառնալ ԼՂՀ այցելած անձանց հանդեպ ոչ իրավաչափ հետապնդումների համար:

Ընթերցեք նաև. Բելառուսի դատարանը որոշել է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին