20 հունվարի 2017 - 16:23 AMT
Իտալիայում ձնահյուսի տակ ողջ մնացած 6 անձ է հայտնաբերվել. Նրանց փորձում են հանել

Իտալիայում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցում փրկարարնեըը ողջ մնացած 6 մարդ են հայտնաբերել: Նրանք փորձում են հասնել նրանց և դուրս բերել ձյան զանգվածի տակից:

Ողբերգության պահին, որը տեղի է ունեցել Իտալիայում երկրաշարժից մի քանի ժամ անց, հյուրանոցի հյուրերը հավաքված են եղել առաջին հարկում, որտեղ սպասում էին տարհանման: Տարհանումը ձգձգվում էր, քանի որ հյուրանոցը գտնվում է լեռներում, իսկ ճանապարհները փակ էին ձյան պատճաոով: Հյուրանոցում եղածներից 2 մարդ փրկվել է, քանի որ նրանք ողբերգության պահին շենքում չեն եղել:

Փրկարար ծառայություններին օգնություն ցուցաբերելու և ողջ մնացած մարդկանց դուրս բերելու նպատակով պատահարի վայր են մեկնել ուղղաթիռներ անհրաժեշտ սարքավորումներով, հայտնում է ՌԲԿ-ն իտալական Repubblica-ի վրա հղումով:

Ինչպես հայտնել է փրկարար ծառայությունների ներկայացուցիչ Վալտեր Միլանը, իրավիճակը լեռներում բարդ է մնում:

Միևնույն ժամանակ, այլ ողջ մնացածների գտնելու հույս դեռ կա, ասել է նա: «Տեսականորեն, նույնիսկ նման եղանակային պայմաններում, եթե մարդիկ գտնվում են ձյան «օդային գրպաններում», կարող են 2-3 օր ողջ մնալ: Թեև դա շատ բարդ է»,-ասել է Միլանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիայում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցից փրկարարները 3 դի են հանել: Բացի այդ, ըստ տեղի ոստիկանության, որոշվել է ևս մեկի գտնվելու վայրը:

Ըստ իտալական իշխանությունների, 4-հարկանի հյուրանոցում ձնահյուսի պահին 20 զբոսաշրջիկ է եղել և 7 կամ 8 աշխատակից: