20 հունվարի 2017 - 17:07 AMT
Իրաքում ԻՊ-ն 150 երեխա է առևանգել մահապարտ ահաբեկիչների ջոկատը համալրելու նպատակով

Իրաքի «Օրենքի պետություն» քաղաքական դաշինքի անդամ Նալա ալ Հաբիբին հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալները մի շարք պարտություններից հետո պարտադրում են երեխաներին համալրել իրենց շարքերը, հայտնում է Ինտերֆաքսը «Ալ Մասդարի» վրա հղումով:

«Իսլամական պետություն» խմբավորումը 150 երեխա է առևանգել Թալ Աֆար քաղաքում և պարտադրել է նրանց անդամագրվել այսպես կոչված «Խալիֆատի կորյունները» ջոկատին»,-ասել է Ալ Հաբիբին:

Ըստ նրա, ԻՊ-ն երեխաներին գողացել է Մոսուլից և Թալ Աֆարի եզդիների ընտանիքներից, որպեսզի նրանք սպանեն խաղաղ բնակիչներին և զինծառայողներին ականապատ մեքենաների և «մահապարտների գոտիների» միջոցով:

Մոսուլի ազատագրման գործողությունն ընթանում է 2016-ի հոկտեմբերից: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: