20 հունվարի 2017 - 17:27 AMT
Գլխավոր դատախազությունում ընտրախախտումներին արձագանքելու աշխատանքային խումբ է ստեղծվել

Գլխավոր դատախազությունում Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծվել է աշխատանքային խումբ:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով աշխատանքային խումբը ստեղծվում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, տեղեկացնում է ՀՀ դատախազությունը: Աշխատանքային խմբին հանձնարարվել է ապահովել դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը և աշխատանքի հրապարակայնությունը:

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ-ում կկայանան ապրիլի 2-ին: