20 հունվարի 2017 - 17:51 AMT
ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հռոմեական ամֆիթատրոնի ճակատային մասը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մեծ վնաս են հասցրել սիրիական հինավուրց Պալմիրայի պատմական հուշարձաններին, այդ թվում հայտնի հռոմեական ամֆիթատրոնի շենքին: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն սիրիական պետական Sana գործակալության վրա հղումով:

Ինչպես հաստատել է Reuters գործակալությանը Սիրիայի թանգարանների և հնությունների գերատեսչության ղեկավար Մամուն Աբդուլքարիմը, ոչնչացվել է Պալմիրայի ամենահայտնի հուշարձաններից մեկը` հայտնի ճարտարապետական համալիր տետրապիլոնը, ինչպես նաև մ.թ.ա II դարում կառուցված հռոմեական ամֆիթատրոնի ճակատային մասը:

Հենց այդ վայրում էր 2016-ի մայիսին համերգով հանդես եկել Մարինյան թատրոնի նվագախումբը Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, երբ Պալմիրան ազատագրվել էր իսլամիստներից:

Ծայրահեղականները կրկին գրավեցին հինավուրց Պալմիրան 2016-ի դեկտեմբերին: Սիրիական բանակը, նահանջելուց առաջ, կարողացավ տարհանել բնակչության 80 տոկոսը:

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել էր, որ Մոսուլում միջազգային կոալիցիայի գործողությունների պատճառով, որը դուրս է մղում զինյալներին Սիրիայի արևելք, ԻՊ-ն գործնականում անարգել կենդանի ուժ ու զենք է տեղափոխում Պալմիրայի, Դեր Զորի և Թուրքիային սահմանակից Էլ Բաբ քաղաքից: