20 հունվարի 2017 - 17:28 AMT
Թուրքիան այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը հայտարարել է, որ Անկարան այլևս չի կարող պնդել, որ սիրիական հակամարտությունը կարգավորվի առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցության, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Թուրքիան այլևս չի կարող պնդել, որ կարգավորումն առանց Ասադի իրականացվի, դա իրատեսական չէ: Ուստի, կարծում եմ, որ մենք ուղղակի պետք է աշխատենք այն իրողությունների հետ, որոնք առկա են»,-ասել է Շիմշեկը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում:

Բանակցություններն Աստանայում, որոնց անցկացման նախաձեռնողներն են ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կմեկնարկեն հունվարի 23-ին: Բանակցություններին կմասնակցեն Դամասկոսի ներկայացուցիչներն ու Սիրիայի զինյալ ընդդիմության միացյալ պատվիրակությունը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ քաղաքական խորհրդակցությունների բացմանը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական միտումներ կան:

Հունվարի 14-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել էր, որ սատարում է Աստանայում կայանալիք բանակցություններին և նշել է, որ սիրիական ընդդիմությունը հեռանկարային է համարում այդ հանդիպումը որպես նախնական քայլ Ժնևում բանակցությունները շարունակելու համար: