21 հունվարի 2017 - 10:54 AMT
Թրամփը մասնակիորեն կասեցրել է Obamacare առողջապահական ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով հրահանգում է հաստատություններին «սառեցնել պարտավորությունները» մինչ առողջապահության ոլորտի բարեփոխման ծրագրի (Obamacare) չեղարկումը, որը 6 տարի առաջ կիրառության մեջ է դրել Օբաման, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Սենատը քվեարկել է Բարաք Օբամայի առողջապահության բարեփոխման ծրագրի չեղարկման օգտին:

Սպիտակ տունն առաջիկայում հուշագիր կուղարկի նախարարներին` սառեցնելու համար էկոնոմիկայի կարգավորման նոր կանոնների ներմուծումը, ինչը բխում է Թրամփի նախընտրական խոստումներից:

Թրամփն ու նրա Հանրապետական կուսակցությունը մտադիր են որքան հնարավոր է արագ չեղարկել Բարաք Օբամայի նախաձեռնած բարեփոխումը: Թրամփը բազմիցս էր դեմ արտահայտվել Օբամայի օրենքին` համարելով այն անարդյունավետ և թանկ սպառողների համար:

Օբամայի առողջապահական ոլորտի բարեփոխմամբ նախատեսվում էր բուժապահովագրության պարտադիր ձեռքբերում չունեվորների համար սուբսիդիաներով: Իր հրաժեշտի խոսքում Օբաման ասել էր, որ ծրագիրն արդյունավետ է, և հավաստիացրել էր, որ եթե ինչ-որ մեկն ավելի լավ ծրագիր առաջարկի, ինքը կաջակցի այդ ծրագրին:

Բարեփոխման մասին օրենքն ընդունվել է 2010-ին միայն դեմոկրատների ձայներով, որոնք այն ժամանակ իշխում էին Կոնգրեսում: Հետո հանրապետականները, մեծամասնություն ստանալով Կոնգրեսում, տասնյակ անգամ քվեարկել են օրենքի չեղարկման օգտին, սակայն նախագահը վետո է դրել:

Հանրության շրջանում Obamacare-ը հակասական գնահատականներ է ստացել: Ըստ հարցումների, ամերիկացիների մոտ կեսը համարում է, որ ծրագրից պետք է հրաժարվել: Մյուս կողմից մոտ 20 մլն մարդ առաջին անգամ ապահովագրություն է ստացել այդ ծրագրով: