21 հունվարի 2017 - 11:15 AMT
Ջամեն հաստատել է, որ հեռանում է Գամբիայի նախագահի պաշտոնից

Յահյա Ջամեն, որն ավելի քան 20 տարի զբաղեցրել է Գամբիայի նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ հրաժարվում է իշխանության համար պայքարից և զիջում է տեղը ընտրություններում հաղթած Ադամե Բարոուին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2016-ի դեկտեմբերի 1-ին տեղի են ունեցել Գամբիայի նախագահական ընտրությունները: Բարոուն ստացել է ձայների 45,5 տոկոսը, Ջամեն` 36,7 տոկոսը: Սակայն, Ջամեն հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները և փոխանցել իշխանությունը: Նա արտակարգ դրություն է հայտարարել երկրում:

Հայտարարությունը հաջորդել է տևական բանակցություններին Գվինեայի և Մավրիտանիայի նախագահների հետ, որոնք որպես միջնորդ էին հանդես գալիս Գամբիայում ծագած քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործընթացում:

Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ` Ջամեն հայտարարել է, որ Գամբիայում ոչ մի կաթիլ արյուն չպետք է թափվի: Ավելի վաղ Գամբիայի նորընտիր նախագահ Ադամե Բարոուն, որն արդեն հունվարի 19-ին տվել էր նախագահի երդումը, չնայած Ջամեն հրաշարվում էր հեռանալ պաշտոնից, հայտարարեց, որ քաղաքական ճգնաժամը երկրում հանգուցալուծված է:

Սենեգալի բանակի ստորաբաժանումները հունվարի 19-ին մտել էին Գամբիա: Գործողության նպատակն էր ստիպել երկրի նախկին նախագահ Յայու Ջամեին զիջել իշխանությունը Ադամե Բարոուին, որն ընտրվել է նախագահի պաշտոնում: Զինված գործողությանը մասնակցելու մասին հայտնել էին նաև Նիգերիան և Գանան: Ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցում է մոտ 7000 զինծառայող Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության երկրներից:

Հունվարի լույս 20-ի գիշերը Սենեգալը կասեցրեց հարձակումը` «վերջին շանսը» տալու համար հակամարտության քաղաքական կարգավորման համար: Միավորման երկրները ժամանակ էին տվել Ջամեին մինչև հունվարի 20-ի կեսօրը` իշխանությունից կամավոր հրաժարվելու համար:

Ենթադրվում է, որ Ջամեն չի կարողանա մնալ Գամբիայում, այլ պաշտոնապես ճանաչելով պարտությունը, կմեկնի Գվինեա: