21 հունվարի 2017 - 14:56 AMT
ԿՀՎ. ԽՍՀՄ-ը կտրում էր Թեհրանի հայերի ջուրը և դրդում ներգաղթել Հայաստան

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է մոտ 13 մլն փաստաթուղթ, որոնց մի մասը վերաբերվում է հայերին, Հայաստանին և սփյուռքին:

Ավելի վաղ PAN-ը ներկայացրել էր ԿՀՎ կարծիքն ԱՍԱԼԱ-ի և այլ հայկական խմբավորումների ու նրանց հարաբերությունների վերաբերյալ: Մեկ այլ ուշագրավ վկայությունը նկարագրում է Իրանում ԽՍՀՄ դեսպանատան, Թեհրանի հայերի ու Հայաստան նրանց ներգաղթի վերաբերյալ որոշ մանրամասներ:

1952 թվականի հուլիսի 18-ով թվագրված փաստաթուղթը պատմում է, որ Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո Մոսկվան ակտիվորեն քարոզում էր հայերին ներգաղթել ՀԽՍՀ: Որպես հետևանք, մեծաթիվ պարսկահայեր, այդ թվում՝ մոտ 20 հազար հայեր Արաքից, Ջուլֆայից, Ֆարիդանից ու այլ վայրերից, լքում են Իրանը: Սակայն երբ ներգաղթյալների վերաբերյալ վատ վերաբերմունի մասին լուրերը հասնում են Իրան, այլ հայեր հետ են կանգնում Հայաստան գալու որոշումից: Հազարավոր մարդիկ, որոնք վաճառել էին տներն ու գույքը՝ ՀԽՍՀ գաղթելու ակնկալիքով, մնացին անտուն ու ձեռնունայն:

Իրանցի Միրզա Նաղի Խան Սորադին, իմանալով հայերի խնդիրների մասին, իրեն պատկանող 100 հազար քառակուսի մետր հողակտորը (10 հեկտար կամ 0.1 քկմ) Թեհրանի Փահլավիի պողոտայի մերձակայքում անվարձահատույց տրամադրում է հայերին: Այնտեղ է տեղակայվում 9000 մարդ:

«Այսօր՝ 4 տարի անց, Թեհրանի հյուսիսում աճել է փոքր հայկական ավան, որն ավելի շատ քարե դարի բնակավայր է հիշեցնում ու անգամ շատ ավելի վատն է, քան Թեհրանի հարավի ետնախորշերը», - նշվում է փաստաթղթում:

Հայկական թաղամասը շրջակայքից 6 մետր ավելի ցածր տարածքի վրա էր տեղակայված: Փողոցները նեղ էին, տները՝ 50 քկմ-ից փոքր տարածքով, ամեն սենյակում ապրում էր 5-8 մարդ: Ամենամեծ խնդիրը ջուրն էր: Թաղամասի ցածրադիր լինելը խանգարում էր քաղաքի հիմնական ջրատարներից ջուր հասցնելու հնարավորությանը, քանի որ ծագում էր ջրհեղեղի վտանգ: Ավանով հոսում էր ստորջերյա առվակ, որը թաղամասի ջրի միակ աղբյուրն էր: Առվակը, սակայն, սկիզբ էր առնում ԽՍՀՄ դեսպանատան մերձակայքում, և դեսպանատունը որոշ ժամանակ անց կտրում է այն: Հայերը ստիպված են լինում ջուր կրել 3 կմ հեռու գտնվող առվից:

«Այս հայերն օրեկան 24 ժամ ենթարկվում են կոմունիստների ու «Թադե»-ի (իրանական կոմունիստների) քարոզչությանը: Նրանք դրդում են հայերին անկարգությունների ու բախումների», - նշվում է նամակում:

Կոմունիստներին նաև հաջողվում էր դրդել, հեղինակի խոսքերով, «անխոհեմ հայերին» ապօրինի ներգաղթել Հայաստան: ԽՍՀՄ-ն համագործակցում էր մաքսանենգների, որոնք տեղափոխում էին ԽՍՀՄ հայերին, ինչպես նաև իրանցի կոմունիստներին, որոնք ԽՍՀՄ-ում լրտեսության ու քարոզչության էին վարժվում:

Սակայն իրանական ուժայինների գործողության հետևանքով ձերբակալվում է ինչպես մաքսանենգների մի քանի խումբ, այդպես էլ սահմանը հատել փորձող հայեր: Վերջիններս պատմում են, որ ԽՍՀՄ դեսպանատանն իրենց համոզել են, թե ներգաղթելով նրանք որևէ օրենք չեն խախտում ու իբր Իրանը թուլատրում է շաբաթական 100 հայի արտագաղթել երկրից:

Ձերբակալված հայերի ու մաքսանենգների հետագա ճակատագիրը հայտնի չէ՝ զեկույցում նրանց մասին ոչինչ չի նշվում: