21 հունվարի 2017 - 14:47 AMT
Հանրային խորհուրդը Լապշինի հարցով նամակով դիմել է Բելառուսի նախագահին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով Հայաստանի Հանրային խորհուրդը դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, լրագրողների հետ զրույցում ասաց կազմակերպության մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը, հայտնում է Aysor.am-ը:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

«Մենք լավ ենք հասկանում, որ այդ հարցը կախված է Բելառուսի նախագահից, ուստի մեր նամակը հասցեագրել ենք նրան: Նամակում արել ենք երկու շեշտադրում՝ առաջինը՝ որ Լապշինի ձերբակալությունը գլոբալ առումով մարդու իրավունքների, ազատ խոսքի, տեղաշարժի կոպտագույն խախտում է: Երկրորդ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ, դա գլոբալ տարածաշրջանի անվտանգության խնդիր է: Նաև նշել ենք այն 600-ից ավելի անձանց, որոնք հայտնվել են Բաքվի սև ցուցակում՝ այդ թվում նաև 5 բելառուսների, և համոզմունք հայտնել, որ Լուկաշենկոն ողջախոհություն կդրսևորի և արտահանձման որոշում չի կայացնի», - նշել է Գասպարյանը:

Նա հայտնել է, որ Հանրային խորհուրդը լայն քննարկումներ է իրականացրել հունվարի 17-ին, որտեղ հրավիրված բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը մտերիմ է Լապշինի հետ, տեղեկացրել է, որ բանտում Լապշինի նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ ստիպելով, որ նա Ադրբեջանից ներողություն խնդրի, որպեսզի արտահանձնումից հետո տեղափոխվի Իսրայել, սակայն Լապշինը չի վստահում Ադրբեջանին և մերժում է:

Նամակում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի ներկայացրած հիմնավորումներով Լապշինի արտահանձնումը կգնահատվի որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների` մասնավորապես ազատ խոսքի և ազատ տեղաշարժի կոպտագույն խախտում:

«Համոզված ենք, որ Բելառուսն այս հարցում հավատարիմ կմնա իրեն բնորոշ հավասարակշիռ քաղաքականությանը, կառաջնորդվի միջազգային սկզբունքներով և Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշում չի կայացնի»,-ասվում է նամակում: