21 հունվարի 2017 - 17:03 AMT
Գյումրիի Մոր և մանկան հիվանդանոցում առաջին անգամ եռյակ է ծնվել

«Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» առաջին անգամ եռյակ է ծնվել:

Մարիանան, Արիանան և Արենը ծնվել են Շուխյանների ընտանիքում՝ առանց բարդությունների:

Նորածիններն առողջ են, Գյումրիի «Ցայգ» հեռուսատեսությանը հղումով գրում է Ա1+-ը:

2016-ի սեպտեմբերի 3-ին 27-ամյա Մաիրամ Թունյանը Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Ծնվել է 2 աղջիկ, 2 տղա: Սա կնոջ երկրորդ ծննդաբերությունն էր, նա արդեն նաև 4 տարեկան աղջիկ ունի:

Իսկ սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակչուհի 28-ամյա Շուշանիկ Ասատրյանը նույն բժշկական կենտրոնում եռյակ է ունեցել` երեք տղա։ Այս երեխաները նույնպես լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով` առանց արհեստական բեղմնավորման։