6 փետրվարի 2017 - 16:49 AMT
Ամիրյան. Օրբելյանի հետ մշակել ենք մեծ, հավակնոտ ծրագրեր

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 6-ին Օպերայի թատրոնում ներկայացրել է կադրային փոփոխությունները: Ըստ այդմ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ արդեն նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը կաշխատի որպես մշակույթի նախարարի խորհրդական։ Մինչև նոր տնօրենի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը, տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները կհամատեղի Կոնստանտին Օրբելյանը:

«Անդրանիկ Արզումանյանի գիտելիքն ու վաստակը գնահատելով՝ ես նրան խնդրել եմ տեղափոխվել նախարարություն՝ որպես խորհրդական: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք միասին կիրականացնենք»,- ասել է Արմեն Ամիրյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նախարարի մեկ այլ հրամանով՝ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կստանձնի նաև տնօրենի պաշտոնը:

«Իմ խորին համոզմամբ, այս պահին պատասխանատվությունը պետք է կրի մեկ մարդ. և՛ գեղարվեստական առումով, և՛ կառավարչական: Մաեստրո Օրբելյանը ընդունեց, և մենք միասին ծրագրել ենք շատ մեծ, կարելի է ասել՝ հավակնոտ նախագծեր, որոնք փորձելու ենք իրականացնել 2017-ի ընթացքում: Նախատեսում ենք և՛ ստեղծագործական, և՛ կառուցվածքային մի շարք վերանայումներ: Մենք ուզում ենք ստեղծել ոչ թե այսօրվա, այլ վաղվա օպերային թատրոն:

Ինչպես դա կստացվի, ցույց կտա ժամանակը, բայց ես մեծ ուրախությամբ եմ ստորագրել այս հրամանը՝ վստահելով մաեստրո Օրբելյանին ոչ միայն գեղարվեստական ղեկավարի, այլև տնօրենի պարտականությունները: Մինչև տարվա առաջին կիսամյակի ավարտը մենք պետք է ունենանք Հայաստանի Հանրապետությանը արժանի, աշխարհի օպերային թատրոնների հետ համահավասար քայլող թատրոնի տեսլականը», -ասել է մշակույթի նախարարը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա: Ավելի վաղ՝ 2016-ի հունիսին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: