17 փետրվարի 2017 - 12:27 AMT
Դավիթ Հարությունյան. Մինչև ապրիլի 2-ը տեխնիկական սարքերի թերությունները շտկված կլինեն

ԱԺ ընտրություններում քվեարկության ժամանակ կիրառվելիք տեխնիկական սարքերի հետ կապված բոլոր թերություններըմինչև ապրիլի 2-ը շտկված կլինեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկումից հետո առաջացած շտկումները, հայտնում է Aysor.am-ը:

«Առաջարկվել է, որ կրկնաքվերակության դեպքում, երբ միայն կարմիր լույս էր վառում, նաև ձայնային ազդանշան լինի, որպեսզի ուշադրություն գրավի, որ տեղի է ունենում կրկնակի փորձ», - ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ լինում է, երբ անձնագրի տվյալները մաշված են լինում, խազերի պատճառով արագ չի կարդում սարքը և այդ դեպքում օպերատորը պետք է մուտքագրի: «Առաջարկվել է այս պարագայում ևս ձայնային ազդանշան արձակվի, բայց ոչ այդքան ցայտուն», - ասել է նա:

«Սարքերի կոնստրուկցիայի հետ կապված դիտողություններ ևս եղել են», - ասել է նա:

Դավիթ Հարությունյանը նշել է, որ 6000 մասնագետի հետ դասընթացներ կանցկացվեն, որից հետո որոշում է կայացվելու, որ մասնագետը որ տեղամասում է աշխատելու:

Նա վստահեցրել է, որ մինչև ապրիլի 2-ը բոլոր թերությունները շտկված կլինեն, առաջարկները՝ լուծված:

Ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքով ստուգվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողը հանձնում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որպեսզի կանխվի կրկնակի քվեարկությունը: Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքի հնարավոր է զորամասում, քրեակատարողական հիմնարկում, շրջիկ արկղով, քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկությունների դեպքում, եւ այն ժամանակ, երբ չկա կամ խափանվել է տեխնիկական սարքը: